Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Հերոստրատի «Արտեմիսն» ու «հերոստրատիկի» Արցախը

Հերոստրատի «Արտեմիսն» ու «հերոստրատիկի» Արցախը
22.05.2026 | 14:07

Երբ ունակ չես մեծ ու հանրօգուտ գործի, բայց անասելի փառատենչ ես բնույթով, ընտրում ես մեծ վնաս պատճառելու տարբերակը և այն դարձնում կյանքի նպատակ: Շատ վաղ անցյալում նման նախադեպ գրանցվել է արդեն: Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում մի հույն՝ Հերոստրատ անունով, հրկիզեց հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Արտեմիսի տաճարը։ Գիտեր, որ արածը մեծ չարագործություն է, և կյանքով է հատուցելու, բայց գերադասեց պատմության մեջ մնալ թեկուզ չար գործով, քան կորչել անհիշատակ: Մնաց ու հիշվեց, թեև Եփեսոսի իշխանությունները մահապատժի ենթարկեցին նրան և հատուկ օրենք ընդունեցին՝ արգելելով նույնիսկ անունը հիշատակել։ «Մոռանալ Հերոստրատին» հորջորջված օրենքը, սակայն, չգործեց: Չէր էլ կարող գործել, որովհետև, Մեծ Լոռեցու ասած, «չարն էլ է միշտ ապրում անմեռ»:

Կայրե՞ր Հերոստրատը Արտեմիսի տաճարը, եթե ի զորու լիներ մեծ ու բարի գործի, բնույթով էլ չար ու փառամոլ չլիներ: Պատասխանը միանշանակ է: Հանրահռչակման կարոտ քանի՞ հոգեխեղված է ոգեշնչվել Հերոստրատի «փառքով», վնասել արվեստի կոթողներ կամ զանգվածային սպանություններ գործել՝ հաշվել չի լինի: Փաստն այն է, որ «Հերոստրատի էֆեկտը» երկու հազար հինգ հարյուր տարի համաշխարհային չարաղետ պտույտի մեջ է ու եկել-հասել է մեր երկիր:

Այսօր մենք «սեփական արտադրության հերոստրատ» ունենք, որ հայոց պատմության մեջ կմնա որպես ավելի մեծ չարագործ, քան Արտեմիսի տաճարը հրկիզած Հերոստրատը՝ հունաց պատմության մեջ: Ու եթե հին հույները դաժանորեն պատժեցին ճարտարապետական գլուխգործոցը սեփական փառատենչության զոհ դարձրած շարքային պլեբեյին, «նոր հայերս» ոչ միայն զարմանալիորեն ներողամիտ ենք Հայկական լեռնաշխարհի գլուխգործոց Արցախը թշնամու կրակին հանձնած «պատրիկի» նկատմամբ, այլև պատրաստվում ենք ողջ Հայկական աշխարհն էլ նրա փառասիրության ու փողամոլության զոհ դարձնել: Հույների Հերոստրատը, գոնե, հանուն փառքի մեռավ, «հայերի հերոստրատը», փառքից առավել, փողի «մեռած» է, հայրենի հողն էլ՝ անշարժ գույք, հարստություն դիզելու սակարկելի տարածք:

Նորմալ երկրի հանրույթը այսպիսի «հերոստրատին» ոչ միայն «մոռացել» էր վաղուց, այլև ճարտարապետական շքեղություններից զուրկ «առանձնատան» բնակիչ էր դարձրել: Առնվազն: Մենք, դատելով մեր իսկ վարքագծից, նորմալ չենք, վերջին ութ տարում էլ լրիվ աննորմալ դարձանք: Այն, ինչը մոռանալու ենթակա չէր, ջնջեցինք հիշողությունից, ինչն արժանի չէ հիշելու և հիշատակման, չենք մոռանում բնավ: Զորօրինակ, «մերօրյա հերոստրատի» անկիրթ (շատ մեղմ ասած) վարքն ու խոսքը տիրաժավորելու հետևողական մրցավազքը: Եվ ոչ միայն նրա, այլև՝ նրա «թմբուկի» տակ պարողների: Մեկը՝ «մատրյոշկա», մյուսները՝ «մատրյոշկիկներ». նույն կեղծ ժպիտը, նույն սարքովի դիմախաղը, նույն գռեհիկ բառապաշարը, սրտիկներն ու ծափերը: Նու՛յնը, նու՛յնը, նու՛յնը: Ամեն օր: Ամեն ժամ: Անդադար: Եվ դեռ զարմանում ենք, որ չի վերջանում այս մղձավանջը: Երևի հին հույների հիշողության հետ էլ մի բան էն չէր, որ «Հերոստրատի էֆեկտը» կտակեցին նոր աշխարհին, երբ ընդամենը մոռանալ էր պետք: Առավել ևս, որ Հերոստրատի պատճառած վնասն անդառնալի չէր. Արտեմիսի տաճարը, ի վերջո, վերականգնվեց մի քանի տասնամյակում՝ դառնալով շատ ավելի շքեղ:

Մեր ավերված Արցախը մի Արտեմիսի տաճարի չափ չկա՞, որ վերականգնելու միտքն անգամ իսպառ ջնջել են ուզում: Իսկ գուցե ջնջողներին հավասար մի մեղսակից էլ մե՞նք ենք: Հակառակ դեպքում, ինչու՞ չենք ընդվզում վտանգավոր մոռացումի այս համախտանիշի դեմ, որ անբուժելի դեմենցիայի փոխակերպվելու բոլոր նախադրյալներն ունի: Թե՞ հեշտ է ամեն ինչ բարդել հերոստրատյան բարդույթով տառապող մի արարածի վրա՝ աչքաթող անելով շատ ավելի էական այլ իրողություն. ավերակվող համազգային հիշողությունն ավելի կործանարար է, քան ներսի ու դրսի բոլոր հերոստրատները՝ միասին վերցրած:

Լիլի Մարտոյան

Լուսանկարում՝ Ուշ անտիկ շրջանում վերջնականապես կործանված Արտեմիսի տաճարի փլատակները։ Այսօր տաճարի տեղում մնացել են միայն հիմքերի ավերակներ և մեկ վերականգնված սյուն՝ հավաքված տարբեր բեկորներից։

Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ